Դատավորների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող խնդիրներին լուծում են առաջարկել պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը: Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները քննարկվեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:
Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ. զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի 75%-ի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծերի փաթեթը դեռեւս քննարկման փուլում է. չկա Կառավարության վերջնական դիրքորոշումը: Փոխնախարարն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, քանի դեռ միասնական կարծիք չկա:
Պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ նախատեսվում է անցկացնել աշխատանքային քննարկում, որի ընթացքում էլ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրը կարող է ներկայացնել իր տեսակետը, առաջարկություններն ու դիտարկումները: Նախագծում կներառվի նաեւ ՍԴ անդամ դատավորների եւ ԲԴԽ գիտնական անդամների հարցը: