National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.03.2021
Քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ չի ընդհատվել
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մարտի 11-ին հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների եւ խորհրդարանների միջեւ ներդաշնակ զարգանում են: «Հատկապես 2019-ի ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Ցավոք, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները եւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ժամանակավորապես ընդհատվեցին: Չնայած այդ հանգամանքին՝ գոհունակությամբ նշեմ, որ քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ չի ընդհատվել: Շարունակվում են գործնական շփումները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի միջեւ»,-նշեց Լիլիթ Մակունցը՝ համագործակցության համատեքստում կարեւորելով նաեւ Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի իրականացման շարունակականությունը:

Լիլիթ Մակունցը բարձր գնահատեց տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Նրա խոսքով՝ գնահատելի էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում կայացած քննարկումները:

Խորհրդարանական խմբակցության ղեկավարը արժեւորեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցով 2021 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ քննարկումը:

Երկուստեք կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շարունակությունը:

Լիլիթ Մակունցն առանցքային համարեց արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման եւ ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցերը: Անդարադարձ կատարվեց նաեւ Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների դեօկուպացիայի խնդրին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am