ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը քննարկվեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում:
«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը: Հիմնական զեկուցող Արման Աբովյանը նշեց, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այժմ վերացել են, ուստի առաջարկվում է վերացնել այն:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան օրինական ուժի մեջ մտած, բայց չկիրառվող սահմանափակումներին: Որպես օրինակ նշվեց ընդդիմադիր ուժերի ամենօրյա հանրահավաքների անցկացումը, ինչը ռազմական դրության պայմաններում անթույլատրելի է, բայց միաժամանակ չի արգելվում համապատասխան կառույցների կողմից:
«Ռազմական դրության ռեժիմի պահպանումը լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար»,-ասաց Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է իրավական քայլերի դիմել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ժամանակ ընդդիմությունը չի կարող վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսել. «Այսինքն, խորհրդարանական մակարդակով սահմանափակված է ժողովրդավարությունը»:
Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ ընդդիմության համար ռազմական դրությունը խոչընդոտներ չի ստեղծում: Բացի այդ, տարածաշրջանում զորավարժություններ են եւ անվտանգային խնդիրներ կան, սակայն այս մասին ընդդիմադիրները չեն խոսում. «Հիմա ընդունելի չէ ռազմական դրության չեղարկումը»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ռազմական դրությունը քաղաքական ներկա զարգացումներին չի խանգարում: Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ:
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: