ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստի օրակարգում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքի նախագծի քննարկումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծով առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին եւս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը: Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որը, ըստ հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ Կառավարությունը չի կիսում օրենսդիրի՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության դիտարկումը միեւնույն հարթակում: Այդ ծրագրերով ուսումնառության ժամկետները եւ բովանդակությունները տարբեր են: Մասնավորապես, նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը 6 ամսից մինչեւ 3 տարի է, միջին մասնագիտականը՝ 2 տարուց մինչեւ 5 տարի:
Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ եթե միջին մասնագիտական ծրագրով սովորողներին եւս լրացուցիչ տարկետման իրավունք տրվի, դա մեծ ազդեցություն կունենա զորակոչի վրա:
Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանի դիտարկմամբ՝ խնդիրն իսկապես առկա է եւ պետք է լուծում ստանա:
Հիմնական զեկուցողը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, առաջարկեց վերջին կուրսում սովորողներին զորակոչից առաջ հնարավորություն տալ ավարտելու ուսումը:
Կառավարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի էր:
Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն: