ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանը նախաձեռնել են փոփոխություններ «Բանկային ավանդների ներգրավման մասին» եւ հարակից երկու օրենքներում: Առաջարկվում է սպառողներին վարկեր տրամադրելու կամ ավանդներ ներգրավելու իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու դեպքում ավելացնել տուգանքների չափերը: Գործող օրենսդրությամբ դրանք բավականին ցածր են. առաջին խախտման համար սահմանված է 100 հազար դրամ տուգանք, երկրորդի դեպքում` 200 հազար, իսկ երրորդ եւ ավելի խախտումների դեպքում` 500 հազար դրամ:
Առաջարկվում է վերոնշյալ օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Բանկի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 500 հազար դրամի, երկրորդ անգամ խախտելու համար՝ 1 մլն դրամի, երրորդ եւ ավելի դեպքերում՝ 2 մլն դրամի չափերով»: Տուգանքը կգանձվի Կենտրոնական բանկի հայցով, իսկ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, դատարանի վճռով: Գանձված գումարը կմուտքագրվի ՀՀ պետական բյուջե: Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:
Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշեց, որ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Հարակից ղեկուցող Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ տուգանքի չափերի ավելացումը միտում ունի ոչ թե բանկերին տուգանելու, այլ խախտումները կանխարգելելու:
Նախագծերի փաթեթը մարտի 16-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ եւ դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: