ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով հանդես եկան ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձավ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեմ պայքարում ԱԱԾ-ի կատարած աշխատանքներին:
2020-ի ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 558 քրեական գործ, որից 212-ը եղել են կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր: Հաշվետու ժամանակահատվածում հարուցված 212 քրեական գործերից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 16-ը, որոնցով անցնում է 20 պաշտոնատար անձ:
Հարությունյանը պատասխանեց նաեւ հանձնաժողովականների հարցերին՝ անդրադառնալով տեղեկատվական անվտանգությանը, ֆեյքերի դեմ պայքարին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործի նախաքննությանը: