ՀՀ ոստիկանության 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ համավարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020-ի ընթացքում համակարգն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ:
Նշվեց, որ արձանագրված հանցագործությունների շարժընթացը նախորդ տարի նվազել է 1.4 տոկոսով կամ 382 դեպքով: Գրանցված 26 468 դեպքերի հիմնական մասը փոքր եւ միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են հասարակության մեջ առավել նվազ վտանգավորություն ունեցող հանցատեսակներ եւ կազմում ընդհանուր դեպքերի 83.5 տոկոսը: Առավել ծանր հանցագործությունների թիվն աճել է 12-ով կամ 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է սպանության եւ սպանության փորձի դեպքերի թվի աճով, իսկ ծանր հանցագործությունների թիվը նվազել է 413-ով կամ 9.2 տոկոսով:
Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ ոլորտում իրականացվել են մի շարք համակարգային բարեփոխումներ:
Անդրադառնալով Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները փակելուն վերաբերող հարցերին՝ ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ոտնահարվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը՝ պատճառելով մի շարք անհարմարություններ: Այդուամենայնիվ, ոստիկանությունը փորձում է երկխոսության ճանապարհով լուծումներ գտնել: