Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ընդգծել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ եւ ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին եւ պատգամավորներին՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը եւ ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները: «Խաղաղության կնքումից ի վեր առաջացել են հարցեր, որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը նշել է, որ նախագիծը մշակվել էր դեռեւս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:
Նազելի Բաղդասարյանը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին եւ վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին ու քննարկումներ կծավալեն:
Կողմերը կարեւորել են նման ձեւաչափով հանդիպումները եւ հույս հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ:
Նյութի աղբյուր՝
ԱՀ ԱԺ
: