ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ի հերթական նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» ԿԳՄՍ նախարարության զեկույցը:
Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել հանրապետության մի շարք մարզերում, իսկ 8 ավագ դպրոց հիմնանորոգվել է:
Ընդհանուր առմամբ արդեն 8 մարզում եւ Երեւան քաղաքում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին, ներդրվել են երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ եւ ուսուցչի օգնականի հաստիք:
Իրականացվել է 2419 սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: Շուրջ 7000 սովորողի տրամադրվել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Մշակվել են 3 մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների եւ ծնողների համար:
Նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ոլորտում 2020 թվականին մշակվել եւ վերանայվել է 12 պետական կրթական չափորոշիչ եւ 20 մոդուլային ծրագիր: Այժմ փորձնական իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց եւ 3 կարճաժամկետ ուսուցման ծրագրեր 15 նախնական եւ միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, ինչի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ եւ 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:
Պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ տեղերը 2020-2021 ուսումնական տարվա համար ավելացել են 140 տեղով. նախապատվությունը հիմնականում տրվել է բնագիտական ոլորտի մասնագիտություններին:
Ավելացել են ասպիրանտական եւ դոկտորանտական կրթաթոշակները: Հայագիտական ուղղվածությամբ սովորող ասպիրանտների կրթաթոշակները 30000-ից դարձել է 65000 դրամ, բնագիտական եւ այլ մասնագիտություններինը՝ 25000-ից 60 000 դրամ, իսկ տնտեսագիտական եւ իրավաբանական մասնագիտություններինը՝ 55 000 դրամ՝ նախկին 20 000-ի փոխարեն: Դոկտորանտների կրթաթոշակը դարձել է 65 000 դրամ: Նախկինում այն 30 000 դրամ էր:
Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Կառավարությունը նախատեսում է 2,7 մլրդ դրամով ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը: Նախարարը, ի պատասխան պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հնչեցրած հարցի, պատասխանեց, որ նախորդ տարի ոչ թե կրճատվել, այլ վերանայվել էր նախարարության ֆինանսավորումը:
Վահրամ Դումանյանը նաեւ հայտնեց, որ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ նախանշված որոշ ծրագրեր հաշվետու տարում անցկացվել են հեռավար եղանակով, հետեւաբար որոշ անհամապատասխանություններ են առաջացել ֆինանսական հատկացումների եւ կատարված աշխատանքների միջեւ: Այս առնչությամբ նախարարը խուսափեց թվեր հնչեցնելուց, քանի որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: