Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունան անդամներ Հայկ Կոնջորյանը, Արտակ Մանուկյանը եւ Արթուր Հովհաննիսյանը անդրադարձան Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
Հայկ Կոնջորյանը նշեց, որ ԸՕ-ի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային կառույցների, Հայաստանում քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը: Մենք մեր հանձնառությանը հավատարիմ ենք: Բազմաթիվ այլ փոփոխություններ եւս նախատեսվում են, սակայն պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ ընտրակարգը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը: Խմբակցությունում որոշում է կայացվել անցում կատարելու պարզ համամասնական ընտրակարգի: Այս պահին քննարկումները շարունակվում են: Դրանք ընթանում են նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ: Առաջիկայում կունենանք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,-հայտնեց Կոնջորյանը:
Նա հավելեց, որ Վարչապետի հայտարարությունը վերաբերել է ընտրակարգին, սակայն շրջանառության մեջ դրվել են անցողիկ շեմերի, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցերը եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք բերելու են ԸՕ-ի բարելավմանը եւ առավել ազատականացմանը:
Բարձրացվեց ԸՕ-ի փոփոխությունների ընդունման հարցում կոնսենսուսի անհրաժեշտության հարցը: «Կոնսենսուսի բացակայության պայմաններում կգնա՞ք փոփոխության»,-հարցրեց Հանրային հեռուստաընկերության թղթակիցը:
«Խոսքը գնում է վարկանիշային ընտրակարգը հանելու մասին, ինչի արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում: Սա, կարծում եմ, կոնսենսուսի արժանացել է առնվազն արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության կողմից: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նշվել է, որ իրենց համար անցումն այլ ընտրակարգի խաղի կանոնների փոփոխություն չէ: Չեմ կարծում, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի խաղի կանոնների այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար: Ընդհակառակը, քաղաքական ուժերի եւ ընտրողների համար ընտրակարգը պարզեցվում է»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:
Հայկ Կոնջորյանը հավելեց. «Ընտրակարգի փոփոխության վերաբերյալ մեր հանձնառությունը որեւէ մեկի համար անակնկալ չի եղել: Մեզ համար կարեւոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշումը կայանա կոնսենսուսի պայմաններում, որը եղել է. վարչապետը հանդիպել է երկու խմբակցությունների հետ եւ ընտրությունների գնալու որոշում է ընդունվել: Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչներն ընտրակարգի վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրությունների: Մենք շարունակել ու շարունակում ենք աշխատել այդ թվում մեր խորհրդարանական գործընկերների հետ կոնսենսուսի հասնելու համար»:
Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ ԸՕ-ի փոփոխություններն ինքնանպատակ չեն, դրանք սերունդների համար են: «Մենք պետք է որոշենք՝ անհատների՞ն ենք ուզում կարեւորել, թե ինստիտուտները»,-ասաց պատգամավորը: