Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եկել էին Գեւորգ Գորգիսյանն ու Գուրգեն Բաղդասարյանը:
Ինչպիսի՞ն է լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն փակ համամասնական ընտրակարգով, հետաքրքրվեց 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրողը: «Մեզ համար կարեւոր է օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կարեւոր են դրանց լեգիտիմությունն ու այդ միջոցով առկա լարվածության թոթափումը: Եվ դրա համար ենք մենք նաեւ պնդում, որ այսօր պետք չէ փոխել խաղի կանոնները: Բայց եթե այդպես էլ լինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին եւ հաղթելու է: Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում: Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ հարմարեցնելով ամեն ինչ իրեն, դա առաջին հերթին վնասելու է ընտրական գործընթացներին, ընտրությունների լեգիտիմությանն ու լարվածության թոթափմանը ընտրություններից հետո: ԼՀԿ-ն մասնակցելու է արտահերթ ընտրություններին ցանկացած ընտրակարգով»,-ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: