Մարտի 29-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի՝ արտաքին գերատեսչությանը վերաբերող հատվածը:
«Դժվար տարի էր՝ պայմանավորված մի կողմից համավարակով, մյուս կողմից՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայով: Սրանք ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ողջ պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար: Դրանց հետեւանքների հաղթահարումը էապես ձեւավորեց մեր աշխատանքների օրակարգը»,-նշեց Այվազյանը:
ԱԳՆ-ն միջազգային գործընկերների եւ դեսպանատների ջանքերով ձեռնարկել է Covid-19-ի պատճառով արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու եւ վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ: Մինչ այս պահը Հայաստան է վերադարձել 14 հազար 564 ՀՀ քաղաքացի, որից 2254-ը՝ անվճար հիմունքներով:
2020-ին Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը: Մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակում ՀՀ-ն ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նախորդ տարվա հունվարի 29-30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Համավարակային սահմանափակումները բացասական ազդեցություն են ունեցել ծրագրված հանդիպումների վրա, եւ շփումները շարունակվել են առցանց:
2020-ի ապրիլի 25-ի հեռավար հանդիպման ժամանակ ընդունվել է հայտարարություն, որով համանախագահները կոչ են արել կողմերին խստորեն հետեւել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին: «Ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմը տապալեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով անցկացվող խաղաղ կարգավորման գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց Արա Այվազյանը:
Պատերազմի ընթացքում ԱԳ նախարարների մակարդակով ձեռք է բերվել հրադադարի հաստատման 3 պայմանավորվածություն:
ԱԳՆ-ի կողմից մեծածավալ աշխատանքներ են կատարվել միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի՝ ագրեսիա հրահրողի կերպարն ամրագրելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը՝ ռազմական գործողություններում Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին:
Անդրադառնալով հայկական կողմի առաջնահերթություններին՝ նախարարը նշեց. «Անհապաղ լուծում պահանջող խնդիրների շարքում է պատանդառության մեջ գտնվող հայ գերիների շուտափույթ եւ անվտանգ հայրենադարձումը»:
ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցը:
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:
Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը. Արա Այվազյան
ԱԳՆ-ն տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ
Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ ոչ. պետք է արձանագրվի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա
Միջազգային կառույցները հետզհետե համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար