Սոֆիա Հովսեփյան. Երեկ հանդիպել եմ 67 զոհված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ: Նրանք պահանջում են հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ: Խնդրում եմ այս գործով ԱԺ պատգամավորներին եւ իրավասու անձանց լինել հետեւողական:
Տաթեւիկ Հայրապետյան. Երեկ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում բավականին բուռն քննարկում ծավալվեց հայ ռազմագերիների թեմայով: Ադրբեջանական կողմն ամեն ջանք գործադրեց, որպեսզի տապալեր քննարկումը, բայց մեր միասնական եւ համառ ջանքերի շնորհիվ հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը պարտավոր է իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
Թագուհի Թովմասյան. Մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք: Պետք է հակակշիռ ստեղծենք եւ Իլհամ Ալիեւին պատասխանենք նույն ոճով: Դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ եւ իրականացրել վայրագ գործողություններ:
Արման Բաբաջանյան. Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս ներողություն խնդրեց Սահմանադրական դատարանի սխալ դատավորներ ընտրելու համար: Ես միամտաբար կարծում էի, որ իշխող խմբակցության անունից կլինի նման հայտարարություն, եւ իշխող խմբակցության ներսում կգտնվեն ողջամիտ պատգամավորներ, որոնք Խունդկարյան-Շաթիրյան-Վաղարշյան եռյակին այստեղ համառորեն պաշտպանելու համար ներողություն կխնդրեին մեր հանրությունից:
Հռիփսիմե Գրիգորյան. Այսօր այս ամբիոնից արդեն իսկ խոսվեց երեկ Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության, մարդատյացության ճղճիմ ցուցահանդես: Միջազգային արձագանքները չուշացան, եւ աշխարհի համար եւս ակնհայտ է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ շարունակվող ատելության ուղղակի պրոպագանդան:
Անդրանիկ Քոչարյան. Երեկվանից ակտիվ տարածվում են Բաքվում բացված եւ հայկական ռազմավարը ներկայացնող այսպես կոչված պուրակի լուսանկարները: Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքվում բացվեց շեհիդների պուրակը, որտեղ թաղված էին շեհիդները: Ալիեւը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը եւ բացահայտ թշնամանք քարոզում, ինչը միանշանակ խստագույնս դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից:
Տարոն Սիմոնյան. Տգիտությունը մեծագույն մեղք է, իսկ տգիտությանն իշխանություն տալը՝ մեծագույն չարիք: Չի կարելի զոհասեղանին դնել ազգային արժանապատվությունը:
Սրբուհի Գրիգորյան. Ինձ համար առավել զարմանալի են ադրբեջացիների հետ համատեղ ապրելու ձեր գաղափարները եւ Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու ձեր մտքերը:
Աննա Կոստանյան. Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի ճգնաժամային իրավիճակի մասին: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ առանց հիմնավորման ազատման դիմում է գրել: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունն այսօր շատ տխուր վիճակում է գտնվում:
Միքայել Մելքումյան. Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը, երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ մտքեր է բարբաջել՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ չունի տարածքային պահանջ: Ես ուզում եմ հավատալ, որ այս հակամարոտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ: Մենք պետք է ապրենք նոր օրակարգով:
Համազասպ Դանիելյան. Հայտարարությունն օրեր առաջ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունված բանաձեւի մասին է, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Այդ բանաձեւով, որն անցել է միաձայն, Սլովակիայի խորհրդարանը խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների եւ ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը:
Գեւորգ Պապոյան. Մենք պետք է խնդիրների մասին խոսելիս անպայման հիմնավորված խոսենք: Առավել եւս պետք է խուսափենք այնպիսի տրամադրություն տարածելուց, որը մեր ժողովրդի մեջ կարող է առաջացնել խուճապ:
Վահե Էնֆիաջյան. Պատերազմը եւ հետպատերազմական ժամանակահատվածը իր հետ բերել է մի շարք խնդիրներ: Հայտնի ճշմարտություն կա` եթե չես ուզում ունենալ պատերազմ, պետությունը պետք է ուժեղ լինի: Իսկ պետությունն ուժեղ է առաջին հերթին իր տնտեսությամբ, տնտեսական ցուցանիշների դինամիկայով:
Արման Աբովյան. 1992-ի ապրիլի 10, Մարաղա: Ադրբեջանական զորքերը մտնում են գյուղ: Դաժանաբար գլխատվում, սպանվում, կենդանի այրվում, կացնահարվում է 45 հայ, 100-ից ավելին դառնում են պատանդներ: 1915-ին 1.5 միլիոն հայ կոտորվում է: 1988 թվական, Սումգայիթ-Բաքու: Մենք զայրանում ենք, ջղայնանում ենք: Որ վայրկյանին մենք իրենց չընկալենք որպես թշնամի, այդ պահից սկսած կսկսվի պատերազմ:
Լենա Նազարյան.
Այսօր շատ խոսվեց Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին եւ արտաքին գերատեսչությունը հրապարակեց պաշտոնական վերաբերմունքը: Ես հավատացած եմ, որ մեր պետությունը, երեխաներն ու նրանց սերունդներն ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիեւը ու նրա ֆաշիստական, այլատյաց եւ մարդասպան համակարգը կփորձի գոյատեւել: