Մինչ զեկույցը սկսելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորեց եզդիական Նոր տարվա առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրանց այն ջանքերի համար, որոնք նրանք ներդնում են զարգացնելու համար մեր հայրենիքը:
Վարչապետի խոսքով՝ 2019 թվականն աննախադեպ հաջող տարի էր, քանի որ գրանցվել են չափազանց բարձր տնտեսական արդյունքներ: Մասնավորապես, ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական աճ, 63 մլրդ դրամով գերակատարվել է բյուջեի՝ նախապես ծրագրված եկամտային պլանը:
2020-ի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական աճի դինամիկան շարունակվել է, գրանցվել է ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մարտին, սակայն, հանրապետություն մուտք է գործել կորոնավիրուսային համավարակը, ինչի պատճառով ճգնաժամային ժամանակաշրջան է սկսվել: Հաջորդ հարվածը եղել է սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը իր ծանր հետեւանքներով: Վարչապետն ընդգծեց, որ վերոգրյալ իրավիճակից ելնելով՝ այդ ժամանակաշրջանում Կառավարությունն իրականացրել է ճգնաժամային կառավարում:
200 հազար քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, համավարակից մահացել է ավելի քան 3770 մարդ, իսկ տնտեսական անկումը կազմել է 7.6 տոկոս: Իրականացվել է հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն են ստացել 1.1 մլն ֆիզիկական եւ 83 հազար իրավաբանական անձինք: Կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է եղել 239 մլրդ դրամ, որից պետբյուջեի ծախսը կազմել է 55 մլրդ դրամ: Փոխառու միջոցները պետբյուջեից կազմել են 20 մլրդ դրամ, միջոցառումների մնացած մասն իրականացվել է բանկային համակարգի միջոցով: