Նազարեթ Տաղավարյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում եւ տեղափոխվել է Այաշի բանտ, ապա ուղարկվել Դիարբեքիր: Սպանվել է Սիվերեքի մոտակայքում:
Կարապետ Փաշայանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Բեյօղլուում եւ ուղարկվել է Այաշ: Սպանվել է Անկարայի մոտակայքում:
Պետրոս Հալաչյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 21-ին Դիարբեքիրում: Սպանվել է հունիսի 9-ին:
Օնիկ Դերձակյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 17-ին, ապա ապրիլին սպանվել Բիթլիսի մոտակայքում գտնվող եւ այդ ժամանակ Արաբու Ձոր անունը կրող տեղանքում:
Համբարձում Բոյաջյանը ձերբակալվել է Բեյօղլուի իր տանը 1915 թ. ապրիլի 24-ին: Նախ ուղարկվել է Անկարայի Սինջանքյոյ, ապա Այաշի բանտ: Բոյաջյանն այնուհետեւ տեղափոխվել է Կայսերի, որտեղ կախաղան է հանվել 1915 թ. օգոստոսին:
Գրիգոր Զոհրապը 1915-ի մայիսի 21-ին Ստամբուլում է ձերբակալվել: Նրան Էրզրումից պատգամավոր Հովհաննես Վարդգես Սերենգյուլյանի հետ միասին գնացքով ուղարկել են Դիարբեքիր, այնուհետեւ տարել Քոնյա, ապա Ադանա եւ Հալեպ: Վերջում նրանց աքսորել են Ուրֆա: Երկուսն էլ սպանվել են Ուրֆայում:
Պահպանվել է Գրիգոր Զոհրապի՝ հուլիսի 15-ին Հալեպից գրած նամակը կնոջը:
2016 թվականին Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը ներկաներին մեկառմեկ ցուցադրեց աքսորված ու սպանված հայ պատգամավորների նկարները՝ Մեջլիսի նախագահությանն առաջարկելով հետաքննություն իրականացնել եւ պարզել նրանց ճակատագրերը:
Ցեղասպանությունից 106 տարի անց ոչինչ չի փոխվել: Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: