National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.04.2021
Կկիրառվի համագործակցության վարույթ
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը եւ դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկումը վերադարձվել էր առաջին ընթերցումից հետո ներկայացվող գրավոր առաջարկների փուլ` ամբողջությամբ լրամշակելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել ու լրամշակվել է ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Ներկայացնելով փոփոխությունները՝ Բադասյանն իրազեկեց, որ համաձայնեցման վարույթը փոխարինելու է գործող օրենսդրությամբ նախատեսված արագացված դատաքննության ինստիտուտին: Այս վարույթի դեպքում անձը հնարավորություն ունի մինչ գործի բուն քննությունն ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու դատախազի հետ սկսել բանակցություններ իր նկատմամբ նշանակվող պատժի, տուժողին պատճառված վնասի հատուցման, նաեւ հանցավոր ծագում ունեցող գույքը բռնագանձելու հարցերի շուրջ: Բանակցությունների գնալու դեպքում մեղադրյալը կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ համագործակցության վարույթը նորույթ է քրեական դատավարության համար: Նպատակն է ծանր, առանձնապես ծանր, քրեական ենթամշակույթին առնչվող կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ապահովելը:

Նշվեց, որ Քրեական օրենսգիրքն իր բոլոր նոր ինստիտուտներով ուժի մեջ է մտնելու 2022-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը՝ 2023-ի հունվարի 1-ից, ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ 2023-ի հուլիսի 1-ից, «կարգապահական գումարտակներում պահելու» պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ գումարտակները ստեղծելուց եւ շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչեւ 2023-ի հուլիսի 1-ը: Նախարարի պաշտոնակատարն իրազեկեց, որ Քրեական օրենսգրքի մյուս բոլոր կարգավորումները կլինեն «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» առանձին օրենքով:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ համագործակցության վարույթի կարգավորումները թույլ կտա՞ն բացահայտել ու վերականգնել կոռուպցիոն մեխանիզմների միջոցով բյուջեից յուրացվածը:

Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ այս գործիքն իր հերթին հնարավորություն կտա ավելի խոշոր կոռուպցիոն հանցավոր սխեմաներ բացահայտել: Այս ինստիտուտը լայնորեն կիրառվում է զարգացած երկրներում: «Հաճախ բարդ է լինում հանցավոր գույքի կամ պետությանը պատճառված վնասի վերադարձը կազմակերպել: Այս շրջանակում նաեւ դա է համագործակցության առարկա»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հետաքրքրվեց, թե դատապարտված անձանց վիճակը բարելավող դրույթները երբ կարող են ուժի մեջ մտնել: Բադասյանը նշեց, որ 2022-ի հուլիսի 1-ից հետո վերանայման վարույթները կարող են սկսել:

Հարակից զեկույցում պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ Արդարադատության նախարարությունը ծավալուն եւ հաջող աշխատանք է իրականացրել:

Քննարկված հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am