Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Մայիսի 9-ի խորհրդին:
«Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա ու կմնա տոն: Անցած տարին բավականին բարդ էր յուրաքանչյուրի համար: Պետք չէ քաղաքականացնել խնդիրը, քանի որ երեկ ցանկացած հայ խառը զգացմունքներ ուներ: Ծանր էր յուրաքանչյուրիս համար: Շատ դեպքերում մենք փորձում էինք վերապրել եւ վերաիմաստավորել տեղի ունեցածը: Միաժամանակ կյանք կար Արցախում, որովհետեւ այնտեղ շարունակում են հայեր ապրել, լսվում է հայոց լեզուն, Արցախը անկախ է, չի գտնվում որեւէ պետության վերահսկողության ներքո: Մենք բոլորս աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, որովհետեւ դա մեր եւ՛ քաղաքական, եւ՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է»,-ընդգծեց Վարդանյանը: