Մայիսի 25-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի հյուրերն էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ:
Նրանց հետ հանդիպեցին եւ զրուցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Կորյուն Մկրտչյանը:
Հայկ Սարգսյանը աշակերտներին ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը:
Դպրոցականները հետաքրքրված էին պատգամավոր դառնալու կարգով, իրենց համայնքի խնդիրները լուծելու ուղիներով: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրեց, որ համայնքում որոշակի ծրագրեր է նախատեսվում իրականացնել:
Կորյուն Մկրտչյանն էլ ի պատասխան երեխաների հարցերի` հայտնեց, որ հետագայում նրանք կարող են Ազգային ժողովում աշխատել ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլ նաեւ կարող են լինել խորհրդարանի աշխատակազմում որպես մասնագետներ կամ որպես հավատարմագրված լրագրող լուսաբանել խորհրդարանական անցուդարձը:
Նույն օրը խորհրդարանում էին նաեւ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի դպրոցականները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Նա հյուրերի համար պարզաբանեց, թե ինչպես լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` կարելի է ունենալ ԱԺ պատգամավորի մանդատ, մասնակցել օրենքների ստեղծմանը, նպաստել երկրի զարգացմանը: Նա նշեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորների թիվը, նրանց ընտրման կարգը:
Ազգությամբ ռուս պատգամավորը երեխաներին հորդորեց ռուսերենին հավասար սովորել նաեւ հայոց լեզուն` նկատի ունենալով նրանց քաղաքացիությունը:
Հյուրերը եղան ԱԺ գրադարանում եւ թանգարանում: