Հոկտեմբերի 28-ին կայացավ առեւտրի, կոմերցիայի եւ արդյունաբերության Եվրոպական տնտեսական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացումը: Պալատի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Առեւտրի, կոմերցիայի եւ արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Խաժակ Մովսիսյանն ասաց, որ պալատի նպատակն է աջակցել տարբեր պետություններում մասնավոր սեկտորի տնտեսական խնդիրների լուծմանը, նպաստել տնտեսական միասնական դաշտի ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների զարգացմանը, ներդրմանը եւ կիրառման շրջանակների ընդլայնմանը: ՀՀ տնտեսության մեջ արագ տեմպերով ձեւավորվող մասնավոր սեկտորն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար մեծ դերակատարում ունեն միջազգային կառույցներին ինտեգրվելը, միջազգային շուկայում կայուն տեղ զբաղեցնելը, արտադրության, ծառայության եւ արտադրանքի որակի բարձրացման նպատակով միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությունը:Խաժակ Մովսիսյանը նշեց, որ առեւտրի, կոմերցիայի եւ արդյունաբերության Եվրոպական տնտեսական պալատի` ՀՀ ներկայացուցչություն ունենալու գործում մեծ է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի դերը` եւ Երեւանում, եւ Բրյուսելում հանդիպումների ժամանակ այս հարցը միշտ բարձրացվել է: Կատարված աշխատանքների համարԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին շնորհվեց ոսկե մեդալ եւ շքանշան:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունեց Հայաստանում առեւտրի, արդյունաբերության պալատի բացումը եւ նշեց, որ այն հնարավորություն կտա աշխուժացնել տնտեսական հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների հետ,իր ակտիվ գործունեությամբ կարող է նպաստել Հայաստանում տնտեսական ներդրումների աճին: «Մենք` որպես օրենսդիր իշխանություն, պատրաստ ենք աջակցել պալատի գործունեությանը Հայաստանում` օրենսդրական բարեփոխումների, եւ բոլոր այն միջոցառումների իրականացման համար, որոնք կարող են նպաստել եվրոպական միասնական տնտեսական տարածք ինտեգրվելուն: ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Եվրոպական Միություն ինտեգրումը, եւ այդ ինտեգրման գործընթացը կարող է հաջողություն ունենալ կոնկրետ արդյունավետ մեխանիզմների առկայության դեպքում: Այսօր ամբողջ աշխարհում առեւտրաարդյունաբերական պալատները լուրջ դերակատարում ունեն, Հայաստանում նույնպես ստեղծվել եւ հաջողությամբ գործում է առեւտրաարդյունաբերական պալատը: Կարծում եմ, որ Եվրոպական միությունում, նաեւ այլ երկրներում կշիռ ունեցող այս պալատի գործունեությունը Հայաստանում կնպաստի արդյունավետ տնտեսական ծրագրերի իրականացմանը», ասաց ԱԺ նախագահը: Բոլորիս մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ մաղթում կանաչ ճանապարհ: Շնորհակալություն ոսկյա մեդալի եւ պատվոգրի համար»: