National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.06.2021
Խորհրդարանում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումները
1 / 18

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական  ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ եկամուտների եւ ծախսերի կատարողականի  քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ պետական մարմիների նախորդ տարվա  եկամուտներին ու ծախսերին, իսկ կառույցների պատասխանատուները՝ իրականացված ծրագրերին:

Ըստ այդմ՝ ՀՀ նախագահի աշխատակազմն օգտագործել է 1 մլրդ 402 մլն դրամ, կամ ճշտված ծրագրով նախատեսված միջոցների 9.6 տոկոսը, ֆինանսավորվել է 4 միջոցառում: ՀՀ ԱԺ աշխատակազմն իրականացրել է 6 միջոցառումների  ֆինանսավորում՝ փաստացի  օգտագործելով մոտ 4 մլրդ 787 մլն դրամ, ճշտված ծրագիրը կատարվել է 90.9  տոկոսով:

ՀՀ վարչապետի աշխատակազմը բյուջետային 10 ծրագրերի շրջանակում պատասխանատու է եղել  57 միջոցառումների իրականացման համար, նախատեսված շուրջ 26 մլրդ դրամն օգտագործվել է 71.2 տոկոսով: Սահմանադրական դատարանն օգտագործել է  601 մլն դրամ՝  արձանագրելով  90.5 տոկոս կատարողական: ԲԴԽ-ի համար նախատեսված 11.9 մլրդ դրամն  օգտագործվել է 98.6 տոկոսով, ֆինանսավորվել է 19 միջոցառում:  Արդարադատության նախարարությունը 18?1 մլրդ դրամ է ծախսել, արձանագրվել է 97?6 տոկոս կատարողական:  8 ծրագրերի շրջանակում  իրականացվել է 29 միջոցառում: Դատախազության ծախսերի համար հատկացվել է  5.4 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է  դրա 99.3 տոկոսը: 3 ծրագրի շրջանակում դատախազությունն իրականացրել է 8 միջոցառում:  Պետական վերահսկողական ծառայության համար հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործվել են 99.5 տոկոսով, հատկացված է եղել 583 մլն դրամ:  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացվել է  121 մլն դրամ, կատարողականը կազմել է 78.1 տոկոս:  Քննչական կոմիտեն 6 միջոցառումների իրականացման նպատակով   7.57 մլրդ  դրամ է ծախսել,  կատարողականը կազմել է 98.7 տոկոս:  Հատուկ քննչական ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվել են 99.2 տոկոսով՝ կազմելով 751 մլն դրամ: Հաշվեքննիչ պալատն օգտագործել է 1 մլրդ 71 մլն դրամ, կատարողականը՝ 99.7 տոկոս: ԿԸՀ-ն 7 միջոցառումների իրականացման համար օգտագործել է 785 մլն դրամ, կատարողականը կազմել է 95.3 տոկոս:

Ըստ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի՝  նախագահի լիազորությունների իրականացման համար հատկացվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, որից 119.2 մլն դրամն ուղղվել է Արցախի  նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի եւ համավարակի  հետեւանքների հաղթահարման՝ Կառավարության կողմից իրականացված միջոցառումներին: 64 մլն 774 հազար դրամ ռեսուրսների օպտիմալ օգտագործման արդյունքում խնայվել եւ ուղղվել է պետական բյուջե: Կառավարության առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով հաստատվել է 27 միջազգային պայմանագիր, 11 հազար 456 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 11 բարձրագույն դիվանագիտական եւ դասային աստիճաններ, 19 բարձրագույն զինվորական եւ 23 պատվավոր կոչումներ, 1368-ը պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով: Մշակվել եւ նախագահի հաստատմանն են ներկայացվել 445 հրամանագրեր եւ կարգադրություններ, քննարկվել եւ ընթացք է տրվել քաղաքացիների 2780 դիմումների, իրականացվել են 21 բարեգործական եւ 3 նախագահական նախաձեռնությունների ծրագրեր:

Նախորդ տարվա համեմատ հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են 3.4%-ով կամ 49.4 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի նվազմամբ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ խորհրդարանի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի կատարողականը: Հղումը՝ այստեղ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում վարչապետի աշխատակազմին հատկացվել էր շուրջ  23.7 մլրդ դրամ՝ 11 ծրագրի իրականացման համար, սակայն կատարված փոփոխությունների արդյունքում ճշտված  ծրագրային ցուցանիշը կազմել է շուրջ  26 մլրդ դրամ՝ 10 ծրագրի իրականացման համար:  Պլանավորված 2 ծրագիր չի իրականացվել եւ դուրս է եկել ճշտված բյուջեի պլանից: Վերոնշյալ 10 ծրագրի համար փաստացի ծախսը կազմել է 18.5 մլրդ դրամ կամ ճշտված բյուջեի 71.2 տոկոսը:  Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մի շարք ծրագրեր թերակատարվել են՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ պատերազմով: Եղել են նաեւ տնտեսումներ: Նա նշեց նաեւ, որ այսօր ողջ պետական համակարգը ծրագրերի վերագործարկման փուլում է՝ պայմանավորված նախորդ տարի եղած խոչընդոտների վերացմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am