ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` խնդիրը վերաբերում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելուն, լրացուցիչ կրթական ծրագրերը` վերապատրաստումները, մասնագիտական ուսուցման դասընթացները, կարճաժամկետ ուսուցումները կազմակերպելուն եւ դրա արդյունքները պետության կողմից ճանաչելուն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Կառավարությունը բարձր է գնահատում ոչ ֆորմալ, լրացուցիչ կրթությանը վերաբերող ավելի հստակ օրենսդրական կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը: Գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն առնչվում է իրավական տեխնիկային: Խնդրահարույց համարելով «ուսուցման ազգային ռեեստր» հասկացության սահմանմանը, առաջարկվում է այն շարադրել` «ուսուցման ազգային ռեեստր-լրացուցիչ կրթության ծրագրեր իրականացնողների եւ մասնակիցների ազգային շտեմարան» խմբագրությամբ:
Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն: