Մարդու իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, հասարակական կազմակերպություններ. սրանք են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:
2019 թ. հանձնաժողովն անցկացրել է 10, 2020-ին՝ 11, 2021-ին՝ 5 նիստ: Ընդհանուր առմամբ անցկացվել է հերթական եւ արտահերթ 26 նիստ: Ընդունվել է 13 օրենքի նախագիծ: Դրանից 11-ի հեղինակը Կառավարությունն է, 2-ինը՝ պատգամավորները: Քննարկվել է ՄԻՊ-ի տարեկան 3 զեկույց եւ հաղորդում:
7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ, ուսումնասիրվել են քաղաքացիների բարձրացրած հարցերը եւ ուղարկվել իրավասու մարմիններին: 1000-ից ավելի նամակներ ու դիմում բողոքներ են ստացվել:
Հանձնաժողովը 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում աշխատել է ծանրաբեռնված: Փոփոխություններ ու լրացումներ են կատարվել մի շարք օրենքներում, մասնավորապես «Բռնադատվածների մասին», «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Փաստաբանության մասին», «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքներում: Մի շարք օրենսդրական լուծումներ էլ արվել են՝ պայմանավորված հետպատերազմական իրավիճակով:
Անձանց իրավունքների խախտման հարցերի լուծման նպատակով հանձնաժողովը սերտ համագործակցել է պետական մի շարք կառույցների հետ, ինչի արդյունքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ:
Հանձնաժողովի աշխատանքի առանցքում են եղել պարբերական այցերը քրեակատարողական հիմնարկներ: Կալանավայրերում պատգամավորները հետեւել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պահանջների կատարման ընթացքին, որոնք ամրագրված են միջազգային կոնվենցիաներով եւ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի հետ հանձնաժողովի համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա: Արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը նաեւ Արցախի ՄԻՊ-ի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության հետ: