Տիկին նախագահող, շնորհակալություն:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր գործընկերներին՝ տիկին Բայերին եւ պարոն Պոչեին, որ նշեցին Հայաստանում ընտրությունների կարեւորության մասին: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կերպով մասնակցեց ընտրություններին եւ ընտրեց իր կառավարությանը, եւ չնայած բոլոր այն դժվարություններին, որ առաջացել էր Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հետեւանքով՝ Հայաստանը մնում է ժողովրդավարական ճանապարհին ամուր կանգնած: Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր ռազմագերիների վերաբերյալ ապրիլին ունեցած քննարկման համար, որը թույլ տվեց ուժեղացնել միջազգային ճնշումը եւ նաեւ ինչ-որ առումով երկխոսությունն Ադրբեջանի հետ, որ նրանք վերադարձնեն մեր ռազմագերիներին: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր ջանքերի համար եւ լիահույս եմ, որ կշարունակեք նույն ոգով: Սա իմ վերջին ելույթներից մեկն է այստեղ, բայց վստահ եմ, որ ձեր արժեքներով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա միայն կավելանա: Պարոն Սայիդովը ճշմարտացիորեն նշեց միջազգային ջանքերի մասին, որի շնորհիվ կարողացանք վերադարձնել մեր որոշ ռազմագերիների, բայց պարոն Սայիդովը, չգիտես ինչու, չի նշում մեկ այլ հանգամանք, որն այս զեկույցում պետք է տեղ գտնի. մասնավորապես մայիսի 12-ին Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խուժելով մեր ինքնիշխան տարածք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ այլ միջազգային սուբյեկտներ հստակ նշել են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, բայց նրանք դեռ մնում են այնտեղ: Սա ոչ մի կերպ չի նպաստում խաղաղությանը, սա անհասկանալի է տարածքային անձեռնմխելիության տեսանկյունից, որի մասին այդքան սիրում էիք խոսել: Մյուս խիստ կարեւոր հանգամանքը, որ ուզում եմ նշել՝ այն էր, որ Ադրբեջանը հերքում էր պատանդ պահվող անձանց, մեր ռազմագերիների առկայության մասին: Հիմա Ադրբեջանն ընդունում է, որ ունի գերեվարված անձինք: Օրինակ, վերջերս մի շատ պրովոկատիվ գործողություն տեղի ունեցավ, երբ Ալիեւն ու Էրդողանն այցելում էին Արցախի օկուպացված Շուշի քաղաքը, նրանք մեր ռազմագերիների մասին այնպես էին խոսում ասես նրանք խաղատան ֆիշկաներ են: Գործընկերս այդ խոսակցության մասին ավելի մանրամասն կներկայացնի: Ես ուզում եմ, որ մարդ մնանք ի վերջո: Ցանկանում եմ, որ մարդասիրական այս բոլոր խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների մոտ խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ որեւէ հույս լինի: Հույս ունեմ մի օր դա տեղի կունենա: