Հունիսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ներկայացրին կառույցի ամառային նստաշրջանի աշխատանքները:
Պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ընդգծել է մի շարք զեկույցների շրջանակներում պատվիրակության անդամների շեշտադրումները, որոնք առնչվել են հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նշվել է նաեւ, որ «Մամուլի ազատության, հանրային վստահության եւ մարդկանց իրազեկված լինելու իրավունքի մասին» զեկույցում խոսվել է Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետեւանքով գեներացվել է թշնամանք Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պատվիրակության անդամները զեկույցներում ներկայացրել են հարցեր, որոնք առնչվել են մեր երկրին, մասնավորապես խոսվել է հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Տաթեւիկ Հայրապետյանի հավաստմամբ` ակտիվ քննարկումներ են ընթացել ԵԽԽՎ հանձնաժողովներում, բարձրացվել են մեզ հուզող մի շարք խնդիրներ: Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակների ելույթներին` նա նշեց, որ նրանք խոսում են հնարավոր խաղաղության մասին, սակայն դա կեղծ թեզ է, քանի որ վերադառնալով իրենց երկիր` այցելում են ինչ-որ ռազմավարի պուրակ, տարածում ատելություն մեր նկատմամբ: «Դրա լավագույն արձագանքը Ալիեւի ռազմատենչ ելույթներն են` ուղղված մեր երկրին ու ժողովրդին»,- ասաց նա:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ եվրոպական կառույցում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են հայկական կողմին: ԵԽԽՎ ներկայացուցիչների հիմնական մասը, ըստ նրա, գտնում է, որ առանց հայ ռազմագերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել եւ երկխոսել: ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը ու դատապարտել ադրբեջանական կողմին:
Եվրոպական կառույցում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն անդրադարձավ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մի շարք օրակարգային հարցերի, այդ թվում` երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրներին: Նշվեց, որ պատերազմի ժամանակ տասնյակ դպրոցներ են քանդվել, ինչի հետեւանքով խախտվել են երեխաների կրթության, ինչպես նաեւ նրանց խաղաղ ապրելու իրավունքները: «ԵԽԽՎ-ում մեզ հուզող հարցերի շուրջ կա դրական ընկալում»,-ընդգծեց Սոս Ավետիսյանը:
Օրվա բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին հայ ռազմագերիների վերադարձին:
Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ` ամեն ինչ պետք է անել միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի շուրջ պահելու համար:
Սոս Ավետիսյանն անընդունելի համարեց ռազմագերիների հարցի շահարկումը: