Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի` շինարարության նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ընթացակարգերի կիրառման համար առկա փորձը բավականին նվազ հնարավորություններ է ընձեռում: Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի խստացնելու հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից: Ըստ նախագծի` կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինհրապարակը` ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Նախագծի ընդունման պարագայում տեսահսկման մշտադիտարկման եւ ամբողջական տեսանկարահանման կիրառումը հնարավորություն կտա լիարժեք ապահովելու շինարարական հրապարակներում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը` նպաստելով նաեւ հանրային վերահսկողությանը: Այն հնարավորություն կընձեռի աստիճանաբար անցում կատարելու էլեկտրոնային համակարգին` նվազեցնելով նաեւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը առկա փաստաթղթաշրջանառության կառուցակարգերում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ գործադիրի դրական եզրակացությունը, նշեց, որ թեմայի առնչությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, եւ հիմնականում ստացել են դրական արձագանքներ: Նա ընդգծեց, որ նախագծի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից շինարարական մշակույթի ձեւավորման նոր չափորոշիչներ: