Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն ու բնույթը:
Նշվեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների գործունեության ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50.000 դրամից ավելացնել եւ սահմանել 250.000 դրամ:
Զեկուցողն ընդգծեց, որ կարգավորումն օրենքի ընդունումից՝ 2013-ից հետո չի վերանայվել, մինչդեռ 2015-ի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի էական ընդլայնմամբ:
Հարակից զեկուցմամբ օրինագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: