Հուլիսի 15-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ օրինագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հարակից զեկուցմամբ նշեց, որ քննարկման արդյունքում որոշվել է ներկայացված օրինագիծը թողնել անփոփոխ:
ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի, Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս հանձնաժողովում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ պատգամավորներն օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել` բացառությամբ համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանի, որը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց օրենքի նախագծին տալ դրական եզրակացություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում, ներկայացված հիմնավորումները գործադրի կողմից ընդունելի են:
Քննարկված օրենքների նախագծերը ստացան դրական եզրակացություն: