Օգոստոսի 9-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Նշենք, որ Դոնթի բանաձեւով ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:
Պատգամավոր Արփինե Դավոյանը հայտնեց, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Արփինե Դավոյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Վլադիմիր Վարդանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ միջազգային իրավունքի մասնագետ: Մասնագիտական աշխատանքից զատ նաեւ դասախոսել է: Նա 1 մենագրության եւ ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է:
Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար՝ նշելով, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովում նույնպես ղեկավարել է այդ կարեւոր եւ ծանրաբեռնված հանձնաժողովը: Թեկնածուն անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին, խոսեց ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունից, նշեց աշխատանքի իր տեսլականը: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ նաեւ հանձնաժողովի աշխատանքներին, որոնք պետք է շարունակել:
«Մեր համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել բարվոք մակարդակ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում»,-մասնավորապես ընդդիմադիր գործընկերներին դիմելով՝ խոսքն ամփոփեց Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների բազմաբնույթ հարցերին: Թեկնածուի ընտրությունը կկատարվի մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումից հետո:
Պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակը: Նշենք, որ հիշատակի օրը նշվում է օգոստոսի 7-ին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Ազգային ժողովում ներկայացված ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումներ է նախաձեռնելու: