Օգոստոսի 17-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:
Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը:
ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը իրականացնել հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը: Քննարկման համար սահմանվեց երկու ժամ:
Այնուհետեւ ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն: Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: