Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի հերթական նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն ձեւավորված մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: 2021 թվականի հունիսի 22-ին Խորհուրդն այդ թափուր տեղի համար հայտարարել է մրցույթ, երկու հավակնորդներից մրցութային խորհուրդը սեպտեմբերի 3-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Մարիամ Գալստյանին:
Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է, անկուսակցական, նրա աշխատանքային հարուստ գործունեությունը հիմնականում առնչվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը: Մարիամ Գալստյանը նաեւ դասախոսում է:
Մարիամ Գալստյանը շնորհակալություն հայտնեց մրցութային խորհրդին իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իր տեսլականը: Ըստ նրա՝ այս հարցում հաջողություն ունենալու համար չափազանց կարեւոր գործոններ են քաղաքական կամքի առկայությունն ու քաղաքացիների մտածելակերպի փոփոխությունը: Թեկնածուն հակիրճ անդրադարձավ ոլորտում արձանագրված հաջողություններին, ընդգծեց նաեւ, որ վերջին տարիներին դրական առումով փոփոխվել է քաղաքացիների մտածելակերպը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: «Կոռուպցիայի դեմ պայքարում փոխզիջումներն անթույլատրելի են, եւ արդյունավետ համագործակցության միջոցով հակակոռուպցիոն մարմինները պետք է դրսեւորեն վճռականություն՝ կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,-ամփոփելով խոսքը՝ նշեց Մարիամ Գալստյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանն ու այս հարցում հանրության գիտելիքների ավելացման անհրաժեշտությանը, ինչը, ըստ նրա, կարող է կանխարգելել կոռուպցիոն երեւույթները: ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել նոր հարթակներ, որոնցում կձեւավորվեն կոռուպցիան մերժող քաղաքացիներ:
Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 14-ին: