Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝ քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով: Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցեց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված եւ «Թումո» Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառմանը:
«Թումո Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնի գործընկերների մասնակցությամբ:
«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին:
Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ զբոսնեց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ շնորհավորելով գյումրեցիներին տոնի կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարն այնուհետեւ մասնակցեց երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Քաջալերելով երիտասարդ ստեղծագործողին՝ Ազգային ժողովի նախագահը հրավիրեց նրան «Վերադարձ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաեւ խորհրդարանում: