ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը: Հակոբ Արշակյանն արժեւորել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովների, աշխատակազմի հետ: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ են, նպաստում են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:
Ջեյմս Դե Ուիթը, ընդգծելով նախկին արդյունավետ համագործակցությունը, մանրամասն ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման, ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստման ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը: