ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար» հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերին ընդունված որոշման համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցության համար: Այս հարցում մեր տնտեսվարողները չեն ունեցել համահավասար իրավունք ինչպես ՌԴ տնտեսվարողները եւ որոշում է կայացվել 10 ոլորտներում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողներին տալ համահավասարության իրավունք: Որոշակի ծագման կանոններ են խստացվել ու հստակեցվել, մասնակցության իրավունք ստանալու համար որոշակի պայմաններ են սահմանվել, հատուկ ռեեստր է գործում: Վերոնշյալ ոլորտներն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, կահույքի եւ փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային եւ սառնարանային արտադրություն, թեթեւ քիմիական արդյունաբերություն եւ նավաշինություն: Ըստ փոխնախարարի՝ մեր երկիրը թեեւ չունի նման արտադրական հզորություններ, սակայն մեր կողմից սա օգտագործվում է նաեւ ռազմավարական դիրքավորման տեսանկյունից՝ որպես ներդրումների ներգրավման միջոց:
Նշվել է, որ մի շարք աշխատանքներ ենք իրականացվել, այդ թվում՝ իրազեկման. տնտեսվարողներին ներկայացվել է ընթացակարգը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ համատեքստում այս ուղղությունը մեծ ներուժ ունի, եւ պետք է ջանքեր գործադրվեն, որ մեր գործարարներն այս հնարավորությունից լիարժեք օգտվեն:
Պատգամավորների հարցերն առնչվել են գնումների ընթացակարգերին, ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին, տեխնիկական կարգավորումներին, հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության վիճակագրությանը: Հարցերի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Վարոս Սիմոնյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նշվել է, որ հայկական ընկերությունները մրցույթներում հաղթող են ճանաչվում հիմնականում Բելառուսում եւ Ռուսաստանում, իսկ Հայաստանում՝ ՌԴ տնտեսվարող սուբյեկտները:
Արմեն Գեւորգյանը բարձրացրել է, մասնավորապես, բանկային երաշխիքի, ապրանքի ծագման եւ էլեկտրոնային ստորագրության խնդիրները՝ նշելով, որ դրանք լուրջ խոչընդոտներ են գործընթացի ամբողջական կազմակերպման համար: Նա նշել է, որ հանձնաժողովի անդամներից ստացված գրավոր առաջարկները կամփոփվեն եւ կուղարկվեն Կառավարություն: