ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ ներկայացուցչին՝ Նաթիա Նաթսվլիշվիլին եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է կառույցի հետ ՀՀ Ազգային Ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:
Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր եւ մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները: