National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

Հոկտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա  երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած  նախաձեռնության իրականացմանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալությանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարեւորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր եւ հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է եւ փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատեւ եւ կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր  երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը: