National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.11.2005
ՍԾՏՀ ԽՎ 26-րդ նստաշրջանը Տիրանայում

Նոյեմբերի 23-ինԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայի Կոնֆերանսների կենտրոնում բացվեց ՍԾՏՀ ԽՎ 26-րդ նստաշրջանը` Ալբանիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ժոզեֆինա Տոպալիի ելույթով: Տիկին Տոպալին անդրադարձավ ՍԾՏՀ ԽՎ-ի անցած ճանապարհին եւ նշեց անելիքները`  կարեւորելով վեհաժողովի դերը Սեւծովյան տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ալբանիայի Հանրապետության վարչապետ Սալի Բերիշան:Հնչեց նաեւ Ռումինիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ՍԾՏՀ նախագահ Ռեզվան Ունգուրյանուի ուղերձը:

Օրակարգի հաստատումից հետո սկսվեց քննարկումը ՍԾՏՀ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների դերը միգրացիայի խնդիրների լուծման հարցում, որին մասնակցեցին պատվիրակությունների ղեկավարները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում ասաց.

«Միգրացիայի հիմնախնդիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՍԾՏՀ երկրների տարածքներում, ամենացավոտ հարցերից է: Իբրեւ առանձնահատուկ երեւույթ առանձնացվելուց հետո միգրացիան միշտ դիտարկվել է որեւէ ենթատեքստում` տնտեսական կամ սոցիալական, պատմական կամ մշակութային, ժողովրդագրական կամ էթնիկ: Եվ դա պատահական չէ: Միգրացիոն գործընթացներըխստագույնս ենթակա են մեկ կամ մի քանի երկրներում միաժամանակ տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ առումով քաղաքական, էթնոսոցիալական, աշխատաշուկայի զարգացման ինդիկատոր են դառնում:

Անցյալ դարի 90-ական թվականներին մեր տարածաշրջանում ազգային պետությունների կայացման բարդ գործընթացներ էին տեղի ունենում, որոնք ուղեկցվում էին բնակչության զգալի հատվածների հարկադիր կամ կամավոր տեղաշարժերով: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է Հայաստանին, որն անկախության հռչակումից հետո հարկադրված էր դիմակայել բնակչության զանգվածային տեղաշարժի հարուցած բազում պրոբլեմների:

Սոցիալական ցնցումներից խուսափելու համար շատ երկրներ, այդ թվում Հայաստանը, իբրեւ անցումային փուլում գտնվող երկիր, այդ հարցին հատուկ ուշադրություն են դարձնում: Բնակչության միգրացիայի հարուցած խնդիրների մասշտաբայնությունը եւ նշանակալիցությունը, Հայաստանում, ինչպես երեւի տարածաշրջանի այլ երկրներում, հարկադրեցին որոնել պետական միջամտության այնպիսի համակարգ, որի դեպքում միգրանտների ու փախստականների համընդհանուր ճանաչում գտած իրավունքներն ու շահերըառավելագույնս ներդաշնակեն ազգային շահերի հետ:

Հիմնվելով մարդու իրավունքների համընդհանուր ճանաչում ունեցող նորմերի վրա, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նշանակալից զարգացում է ապրել ապաստան որոնող անձանց վերաբերող օրենսդրությունը:

ՍԾՏՀ յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնորույն է որոշում միգրացիոնքաղաքականության ուղղություններն ու նպատակները: Արտաքին աշխատանքային միգրացիայի գործընթացները կանոնակարգող միջոցառումների համալիրի մշակման ժամանակ նպատակահարմար է եւ անհրաժեշտ պայման է որոշակի իրավական նորմերի ու չափանիշների պահպանումը, որոնք ամրագրված են միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում:

Աշխատուժ ներմուծող եւ արտահանող երկրները, միգրացիայի կազմակերպման միջազգային կազմակերպությունները պետք է կատարելագործեն օրենսդրությունը, միգրացիոն գործընթացների ու հոսքերի կանոնակարգման մեխանիզմները` առաջնորդվելով ազատության ու ժողովրդավարության սկզբունքներով` հաշվի առնելով ազգային շահերը:

ՍԾՏՀ ԽՎ երկրների միջազգային հանրության մեջ ինտեգրման կարեւոր ուղղություններից մեկը պետք է դառնա աշխատանքային միգրացիան կանոնակարգող միջազգային կոնվենցիաների վավերացումը:

Դրանով այդ երկրները ընդունում են միջազգային իրավունքի գերակայությունը ազգային օրենսդրության նկատմամբ, ինչը կարեւոր նշանակություն ունի ինչպես տվյալ երկրի համար` միջազգային հանրության մեջ ինտեգրման տեսակետից, այնպես էլ միգրանտների համար, որոնց իրավունքները արտասահմանում նկատելիորեն ընդլայնվում են եւ պաշտպանության կարիք ունեն:

Սուր է դրված նաեւ անլեգալ միգրացիայի հարցը, որը վերաբերում է թե այն երկրներին, որտեղից հեռանում են, թե այն երկրներին, ուր մեկնում են: ՍԾՏՀ անդամ երկրները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը, կիրառելով համակողմանի, համալիր մոտեցում` այդ երեւույթի ծագման ու զարգացման բոլոր փուլերում:

Պետք է նշել միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կարեւոր դերը միգրացիայի խնդիրների լուծման գործում: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միջազգային կառույցների աջակցությունը այն միգրացիայի փուլերը հեշտացնող միջոցառումներին` մեկնում, միգրանտների ընդունում եւ տեղավորում, ուշադրությունը բեւեռելով հետեւյալ ուղղությունների վրա.

միգրանտների սոցիալական երաշխիքներ եւ սոցիալական պաշտպանվածություն

փախստականների կենսապայմանների բարելավման նպատակային ծրագրերի իրականացում

միգրացիայի խնդիրներով զբաղվող կառույցների կադրերի բազայի ուժեղացում

տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում մեթոդական եւ նյութատեխնիկական աջակցություն

միգրացիայի ոլորտում երկկողմանի պայմանագրերի ստորագրման միջնորդի ու նախաձեռնողի դերի հանձնառություն

աջակցություն միգրացիայի հարցերով միջազգային կենվենցիաների անդամակցության գործընթացին

միգրանտներին օգնելու անվճար ծառայությունների կազմակերպում եւ նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:

Միջազգային կազմակերպությունները պետք է նախաձեռնեն մոնիտորինգի անցկացում միգրանտներին ընդունող երկրներում` նրանց հիմնարարար իրավունքների պաշտպանության համար:

Կիսելով միջազգային կազմակերպությունների եւ ժողովրդավարական ինստիտուտների անհանգստությունը միգրացիայի եւ բռնագաղթվածների հարցերի լուծման ուղղությամբ, ՍԾՏՀ անդամ պետությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերն այդ ուղղությամբ` ամրապնդելով միջազգային կազմակերպությունների եւ նրանց հարակից կառույցների հետ համագործակցությունը` նպատակ ունենալով մշակել եւ ընդունել կոնկրետ միջոցառումներ, որոնք թեթեւացնում են միգրացիայի փուլերը:

Վստահ եմ, որ մենք` խորհրդարանների ներկայացուցիչներիս պետք է կարճ ժամանակամիջոցում մշակենք գործադիր իշխանության ներգրավման սկզբունքներն ու ընդհանուր ուղղությունները` համագործակցության բոլոր ոլորտներում:

Ավարտելով ելույթս ուզում եմ նշել, որ ցանկանում ենք դա, թե ոչ, միշտ եղել է եւ կլինի բնակչության միգրացիա իր դրական ու բացասական հետեւանքներով: Մեր պարտքն է համատեղ ջանքերով մեղմել այդ գործընթացի բացասական դրսեւորումները եւ ձգտել, որ այն միջպետական լարվածության աղբյուրից վերածվի բոլորին միավորող գործոնի:

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպման համար եւ բոլորիս մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»:

ՍԾՏՀ ԽՎ 26-րդ նստաշրջանումքննարկվեց Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման հարցը: ՍԾՏՀ-ի ռազմավարությունների մեջ տրանսպորտային հաղորդակցության հարցին գերակայություն է տրվում, որը ենթադրում է որոշակի ծրագրերի մշակում տարածաշրջանում միջազգային ինֆրակառույցների զարգացման նպատակով, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում, տրանսպորտի եւ սահմանամերձ շրջանների առնչությամբ օրենսդրության մշակում ու ներդաշնակում, տրանսպորտի տարբեր տեսակների շահագործման կանոնակարգում, ուղեւորատար ու բեռնատար փոխադրումների անվտանգության ապահովում, նոր տեխնոլոգիաների ներդնում:

Տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը` նշելով, որ

«Տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս պատմության անիվի ընթացքը էականորեն արագացել է: Հետսառըպատերազմյան իրողությունները բնութագրվում են նոր ժողովրդավարությունների առաջացմամբ եւ նրանց թեեւ բարդ, սակայն անխուսափելի հաղթարշավով: Դրան զուգահեռ ժամանակակից աշխարհում ժողովրդավարության առաջընթացը, որն իմ խորին համոզմամբ հավասարազոր է խաղաղության եւ տնտեսական բարգավաճման, ավելի արագ է տեղի ունենում քաղաքական երկխոսության պատրաստ եւ տնտեսապես ինտեգրված միասնական տարածաշրջաններում, քան առանձին վերցրած երկրներում: Դա է վկայում հենց ժողովուրդների եվրոպական ընտանիքի անցած պատմական ճանապարհը:

Այսօր մենք ապրում ենք հատուկ ինտենսիվության գլոբալացման պայմաններում, որի ամենաբնութագրական հատկանիշներից մեկը դա կայունության եւ ներգրավված բոլոր դերակատարների երկարաժամկետ շահերի վրա խարսխված տնտեսության գլոբալացումն է, տնտեսական ենթակառուցվածքների ինտեգրացիան եւ կապիտալի աննախադեպ շարժունակությունը: Այս գործընթացները գնալով ակսելերացվում են եւ մենք բոլորս դրա ականատեսներն ենք: Գլոբալ տնտեսությունը եւ գլոբալիզացվող աշխարհը ձեւավորվում են առանձին տարածաշրջանային միջուկների շուրջ: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը, որպես տարածաշրջան, այս գործընթացների կարեւոր միջուկներից մեկն է եւ իմ խորին համոզմամբ նրա դերակատարությունը տեսանելի ապագայում էլ ավելի մեծանալու է:

Ակնհայտ է, որ միայն ժողովրդավարական, խաղաղ, տնտեսապես ինտեգրված, ներքին հակասությունները հաղթահարած եւ անկեղծ երկխոսության պատրաստ տարածաշրջանը կարող է երաշխիք լինել մեր ժողովուրդների բարգավաճման եւ մեր պետությունների կայուն զարգացման համար: Ակնհայտ է, որ միայն մրցունակ եւ ինտեգրված ենթակառուցվածքների վրա հիմնված միասնական հարավկովկասյան շուկան կարող է գրավիչ լինել օտարերկրյա ներդրումների համար եւ երկարաժամկետ հուսալի գործընկեր` տարածաշրջանից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ դերակատարների համար:Խորապես համոզված եմ, որ տարածաշրջանային մեր համագործակցությունը պետք է միտված լինի ապագային, ի վերջո մենք պետք է հետաքրքրվենք մեր ապագայով, որովհետեւ մենք այնտեղ ապրելու ենք:

Տարածաշրջանի երկրների օրենսդրությունների եվրոպական չափանիշներին մերձեցման ուղղությամբ կատարված բավականին մեծ ծավալի աշխատանքըլավագույն ներդրում է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման, ժողովրդավարության արժեքների ամբողջական հաղթանակի եւ դրանից բխող այլ ակնկալիքների տեսանկյունից: Սակայն առանձին վերցրած այն բավարար հիմք չէ տարածաշրջանում կուտակված խնդիրների լուծման եւ կայուն զարգացման ապահովման գերնպատակին հասնելու համար: Այն բավարար չէ զարգացումների դինամիկայից հետ չընկնելու համար:

Համոզված եմ, որ ի թիվս այլ կարեւոր ուղղությունների, նշված նպատակներին հասնելու համար կարեւոր է նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի համաչափ ներգրավմամբ զարգացած տրանսպորտային եւ տնտեսական այլ ենթակառուցվածքների ստեղծումը: Ցավոք սրտի, վերջին շրջանում քննարկվող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի կառուցման գաղափարը չի բխում վերը ներկայացված ճշմարիտ տրամաբանությունից:

Հարկ եմ համարում ընդգծել, որ գոյություն ունեցող եւ շուրջ մեկ դար իր տնտեսական նպատակահարմարությունն ապացուցած եւ վերաշահագործման համար լրացուցիչ ներդրումներ չպահանջող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղին չի գործում միայն Թուրքիայի կողմից Հայաստանի ավելի քան 12 տարի շարունակվող շրջափակման պատճառով: Այս երկաթուղու վերաշահագործումը հավելյալ կապիտալ ներդրումներ չի պահանջում, մինչդեռ քննարկվող այլընտրանքային Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի կառուցման համար նախատեսվող միջոցները տարբեր փորձագետների հաշվարկներով գերազանցում են մինչեւ $ 600 մլն.միջոցներ, որոնք կարող են ուղղվել մեր հարեւան երկրների ներդրումների կարոտ տնտեսության այլ առաջնային ճյուղերի զարգացմանը:

Թուրք-հայկական սահմանը Եվրոպայում վերջին փակ սահմաններից մեկն է, եւ մենք լիահույս ենք, որ Թուրքիայի` ԵՄ-ը անդամակցության բանակցությունների կոնտեքստում ոչ հեռու ապագայում այն կարող է իր լուծումն ստանալ: Հուսով ենք, որ նոր, ԵՄ-ի անդամակցության բանակցությունների սեղանի շուրջ նստած Թուրքիան կվերագնահատի տարածաշրջանում իր դերը եւ կառաջնորդվի կայունության եւ երկարատեւ փոխշահավետ տնտեսական համագործակցության սկզբունքներով , իսկ սահմանների վերաբացում նշանակելու է նաեւ առկա հաղորդակցության բոլոր ճանապարհների վերաշահագործում: Այս առումով, Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու վերաշահագործման փոխարեն նոր, նույնիսկ տարվա բոլոր եղանակներին անխափան շահագործման բնակլիմայական լուրջ ռիսկերը շրջանցած եւ բարձր ինքնարժեք ունեցող երկաթուղու կառուցման գաղափարը նշանակում է անհամերաշխություն Հայաստանի շրջափակման վերացման գաղափարին եւ համերաշխություն տրանսպորտայի ենթակառուցվածքների ոչ համաչափ զարգացմանն ու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար նոր ականների տեղադրմանը:

Ես համոզված եմ, որ ժողովրդավարական Թուրքիան շատ ավելի հուսալի գործընկեր է եւ

Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու գոյություն ունեցող երկաթուղու շահագործումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական փոխշահավետ համագործակցության խթանման, այլեւ` առկա հակամարտությունների կարգավորման հիմքերի ամրապնդման տեսանկյունից: Ողջունելի է, որ այս ճշմարտությունը կիսում են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր դերակատարներ եւ առանձին քաղաքական գործիչներ:

Նշանակետ ունենալով մեր տարածաշրջանի ժողովրդավարական ապագան, մենք պետք է մեր երկխոսությունը կառուցենք հենց այդ տեսլականով, որը խարսխված է լինելու տարածաշրջանային համագործակցության գաղափարի վրա:

Յուրաքանչյուր նոր երկաթուղու կառուցում պահանջում է երկարատեւ ժամանակահատված եւ ֆինանսական մեծ ռեսուրսների ներդրում: Այսօր, հատկապես ԵՄ-Թուրքիա բանակցությունների եւ Եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի ու ԵԱՀԿ նախագահողների հայտարարությունների լույսի ներքո քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից ոչ նպատակահարմար նման նախաձեռնությունը կնշանակի միայն ժամանակի եւ միջոցների իզուր վատնում, չհաշված նաեւ այն հնարավոր բացասական ազդեցությունը, որ կարող է ունենալ նշված ուղղություններով առաջընթաց ունենալու համար:

Հիշենք, որ Հարավկ ովկասյան տարածաշրջանը մեկուսացած չէ արտաքին աշխարհից: Միայն շահագրգիռ բոլոր երկրների երկարաժամկետ շահերի վրա խարսխված, ինտեգրված ու մրցունակ տնտեսական ենթակառուցվածքները կարող են ապահովել հարավկովկասյան տարածաշրջանի կարեւոր դերակատարությունը նրա սահմաններից դուրս տարբեր մարտահրավերներին, այդ թվում նաեւ ահաբեկչությանը դիմագրավելու կարեւոր գործում մեր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում: Այս առումով, համոզված եմ, որ մենք պետք է հանդես գանք այնպիսի նախաձեռնություններով, որոնք կամրապնդեն մեր տարածաշրջանի, որպես միասնական միավորի, կարեւոր դերն ու նշանակությունը: Այս առումով չափազանց շահեկան է չորս երկրներ ներառող Գյումրի-Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վերագործարկումը, որ տարածաշրջանային համագործակցության եւ իրական երկխոսության լավ դրսեւորում կարող է լինել:

Անթույլատրելի է ո րեւէ երկրի կողմից Հարավային Կովկասում սեփական ազդեցությունը ուժեղացնելու նպատակով արտաքնապես նման «անմեղ» նախաձեռնությության ճանապարհով հարեւան մեկ այլ երկրում դանդաղ գործող նոր ականների տեղադրումը, անկայունության նոր օջախների եւ հեռանկարում էթնիկ տեղաշարժերի ու վերաբնակեցումների համար վնասաբեր հիմքերի ստեղծումը:

Նոր երկաթուղու կառուցման նախաձեռնությունը կարող է լրացուցիչ այլ բարդություններ եւս առաջացնել: Եթե տնտեսական նպատակահարմարությամբ առաջնորդվելու փոխարեն հարեւանն առաջնորդվում է մյուսին վնաս պատճառելու կամ միջազգային հարաբերությունների տեսության մեջ հայտնի zero sum game-ի (զիրո սամ գեյմ) սկզբունքով, ապա մեր ժամանակներում եւ մեր իրողություններում այն երկարաժամկետ հաջողություն չի կարող եւ բերել ոչ մեկին: Համագործակցությունըեւ երկխոսությունը կյանքի եւ պատմության բոլոր իրավիճակներում առաջընթացի հիմնական օրենքն են, մինչդեռ անառողջ մրցակցությունը եւ zero sum game (զիրո սամ գեյմի) սկզբունքըդրանք ձախողման եւ լարվածության առաջացման օրենքներն են:

Գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ-ի անփոխարինելի տրանսպորտային միջանցքներից է, որի վերաշահագործումը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական զարգացման խթանման տեսանկյունից: Այս տեսանկյունից գնահատելի է ներկայացված զեկույցից բխող հանձնարարականների բաժնում տեղ գտած այն միքտը, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման խնդիրներում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տարածաշրջանի, որպես առանձին միավորի, այլեւ` առանձին երկրների շահերը:

Համաշխարհային տնտեսության գլոբալացումը բերել է նաեւ հաղորդակցության եւ տնտեսական այլ ենթակառուցվածքների դերի կտրուկ աճին: Շատ վերլուծաբանների ու փորձագետների կանխատեսումները Արեւելքը Արեւմուտքին կապող Սեւծովյան միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ակնկալված ծավալները իրականություն եւ կայուն զարգացման հիմք կդառնան, եթե տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված լինեն հաղորդակցության այդ ցանցերում, ուստի կոչ եմ անում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովին, անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին, միջազգային շահագրգիռ բոլոր կազմակերպություններին եւ ֆինանսատու կառույցներին շարունակելու իրենց ջանքերը գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի վերաշահագործման եւ ընդհանրապես, տարածաշրջանում առավել հեռանկարային ու արդյունավետ տնտեսական նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ եւ ձեռնպահ մնալ նույն երթուղիով Հայաստանը շրջափակող նոր երկաթուղու կառուցման անհեռանկարային գաղափարից: Այս հարցում ներդրված ջանքերը մեծ աջակցություն կլինեն խաղաղ, ժողովրդավար եւ միասնական Հարավային Կովկաս ունենալու տեսլականի կենսագործման համար, իսկ նման տարածաշրջանը առավել հուսալի գործընկեր կլինի բոլորի համար:

Դասական է այն պնդումը, որ աշխարհը շարժելու համար անհրաժեշտ է ունենալ հենման կետ: Համոզված եմ, որ ժողովրդավարության խորացումը եւ տնտեսական զարգացմանն ուղղված փոխշահավետ համագործակցությունն այն առանցքային ուղենիշներն են, որոնք թույլ կտան «շարժելու» Հարավկովկասյան տարածաշրջանը` դիմագրավելու մեր ժամանակների հնարավոր բոլոր մարտահրավերներին»:

ՍԾՏՀ ԽՎ ԱԺպատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը «Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման» շուրջ Դավիթ Սանգելիձեի զեկույցի շուրջ ներկայացրեց հայկական պատվիրակության առաջարկությունը` Կարս-Ախլքալակ-Թբիլիսի-Բաքու նոր երկաթուղագծի շինարարությունը կասեցնելու շուրջ, քանի որ արդեն իսկ կա հին ու վերագործարկման պատրաստ երկաթուղագիծ` Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու: Բացի դրանից` ՏՐԱՍԵԿԱՅԻ շրջանակներում Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի վերաշահագործմանը հավելել աբխազական երկաթուղագծի վերաշահագործման հատվածը: Իսկ «Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման»զեկույցի երաշխավորություններին` խրախուսել տրանսպորտային ինֆրակառույցների բարելավմանն ուղղված նախագծերը` ավելացնել «վերագործարկել գործող երկաթուղագծերը` օրինակ Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու, որը միմյանց է կապում ՍԾՏՀ չորս երկրներ»: Բուռնբանավեճից հետո` Դավիթ Սանգելիձեն գտնում էր, որ Կարս-Ախլքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի շինարարության կասեցումը եւ աբխազական երկաթուղու վերագործարկումը չի կարող առանց նախնական քննարկումների օրակարգ մտնել, որ շարունակվեց նաեւ վեհաժողովի ընդմիջման ժամանակ` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջամտությամբ ձեռք բերվեց համաձայնություն երաշխավորություններում ներառել Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի վերաշահագործումը: Առաջարկությունն ընդունվեց միաձայն եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ ծրագրի հանձնարարականներում ամրագրվեց, որ ՍԾՏՀ ԽՎ հարկ է համարում անդրադառնալ ՏՐԱՍԵԿԱ-ի դերի մեծացմանը, որը հետեւանք էՍԾՏՀ անդամ պետությունների համար տրանսպորտային համագործակցության: Փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանումը ՍԾՏՀ-ի գլխավոր խնդիրներից է մնում: Այդ սկզբունքի կենսագործման օրինակ կարող է դառնալ Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ գոյություն ուրնեցող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ կապերի միջոցով:

Նոյեմբերի 24-ին շարունակվեցին նստաշրջանի աշխատանքները` քննարկման օրակարգում ունենալով մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցեր: Նստաշրջանի չորրորդ նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը:

Ստանձնելով ՍԾՏՀ ԽՎ նախագահի պարտականությունների կատարումը, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանըշնորհակալություն հայտնեցտիկին Ժոզեֆինա Տոպալիին 25-րդ պլենար նստաշրջանի հիանալի կազմակերպման համար եւ 2006-ին ՍԾՏՀ ԽՎ անդամներին հրավիրելով Հայաստան` հավաստիացրեց, որ Հայաստանը պատվով ու պատասխանատվությամբ կկատարի ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները` նպաստելով ՍԾՏՀ երկրներիեվրոպական պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվության ու փորձի փոխանակման գործառնություններին. «Հավատացած եղեք, որ ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահի պաշտոնում ես կանեմ հնարավորը զարգացնելու բարեկամության, փոխըմբռնումի եւ ԽՎ-ի որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ» ասաց ԱԺ նախագահը:

Հավարտ նստաշրջանի` տեղի ունեցավ ամփոփիչ մամլո ասուլիս, որտեղ պատվիրակությունների ղեկավարները ներկայացրին իրենց նկատառումները եռօրյա աշխատանքների մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am