ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը փակ նիստում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ԱԺ նիստում երդվել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորի եւ Ծննդյան տոների համար սահմանված ոչ աշխատանքային օրերը: Ըստ այդմ՝ Ամանորի եւ Ծննդյան տոները նշելու համար ոչ աշխատանքային է առաջարկվում սահմանել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:
Արփինե Դավոյանը հաջորդիվ հայտնել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու նաեւ առաջարկներն են ներկայացրել պատգամավորները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը խմբակցության կողմից առաջարկել է որպես ոչ աշխատանքային օրեր սահմանել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: Նրա խոսքով՝ կարելի է նաեւ անցումային շրջան ամրագրել, ըստ որի՝ առաջարկվող փոփոխությունները բարձրաստիճան պետական եւ քաղաքական պաշտոնյաների համար կարող են անմիջապես գործել, իսկ հանրության համար՝ աստիճանաբար: Նշենք, որ այս առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ համարել են ամբոխավարական:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ առաջարկել է շաբաթ կամ կիրակի օրերի հետ համընկնող տոնական օրերի փոխարեն ոչ աշխատանքային հայտարարել հաջորդող երկուշաբթի օրը:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պարզ կլինի՝ արդյո՞ք ընդունելի են այս առաջարկները հեղինակի համար, թե՝ ոչ:
Իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց առաջարկներին եւ հույս հայտնել, որ դրանք կընդունվեն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Խաչատուր Սուքիասյանը: Նա անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը:
Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք է հայտնել, որ հունվարյան 7-օրյա հանգստից հետո տնտեսական աշխուժությունը որոշ չափով թուլանում է, եւ դժվար է լինում այն կրկին վերականգնել:
«Այս նախագծի ընդունումը շատ կարեւոր է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու տեսանկյունից»,-ասել է նա: