Հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է դռնփակ ձեւաչափով հոկտեմբերի 26-ին խորհրդարանում քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով քննարկմանը՝ նշելով, որ այն իր նպատակին չի ծառայել: Նրա գնահատմամբ՝ հրավիրված պաշտոնյաները՝ ՀՀ ԶՈՒ պետի տեղակալը եւ սահմանապահ զորքերի հրամանատարը հավանաբար կոմպետենտ չէին՝ ներկայացնելու իրավիճակի հետ կապված հիմնական մտահոգությունների պատասխանը: Իսկ այն հարցերին, որոնց պատասխանելու լիազորված էին, չեն տվել ամբողջական տեղեկատվություն: «Սա նշանակում է, որ հանրության համար կարեւոր հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված: Առաջնագծում, շփման գծում ստեղծված իրավիճակը, ռազմաքաղաքական իրադրությունը, առաջնագծում իրականացվող աշխատանքները շարունակվում են թաքցվել հանրությունից գոնե այն մասով, որոնք գաղտնիության խնդիրներ չեն առաջացնում»,- ասել է պատգամավորը: