Նոյեմբերի 16-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք խորհրդարանի օթյակից հետեւել են Աժ հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային:
«Բաց դասն» անցկացրել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արսեն Թորոսյանը: Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ բանախոսները կարեւորել են կրթված քաղաքացու դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում:
Աշակերտների հարցերի շրջանակը եղել է ընդգրկուն. դրանք առնչվել են տնտեսության զարգացմանը, կրթության, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց անհապաղ վերադարձին:
Պատգամավորները երկրի ապագայի համար շեշտադրել են թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների, ինչպես նաեւ բոլոր կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների նպատակային գործունեության անհրաժեշտությունը:
Համավարակի դեմ պայքարում Արսեն Թորոսյանն ընդգծել է պատվաստումների կարեւորությունը:
Սոնա Ղազարյանն անդրադառնալով գերիների վերադարձման խնդրին՝ տեղեկացրել է, որ վերջերս Լյուքսեմբուրգի խորհրդարանը՝ միաձայն ընդունած բանաձեւով կոչ է արել անհապաղ վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներին: «Այս հարցով զբաղվում է ոչ միայն մեր երկիրն, այլեւ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանն ու եվրոպական մի շարք պետություններ ու կազմակերպություններ: Կարծում ենք, որ առաջիկայում կլուծվի այդ խնդիրը»,- ասել է պատգամավորը:
Հանդիպման ավարտին բանախոսների մաղթանքն աշակերտներին եղել է լավ սովորելն ու Հայաստանի լիարժեք քաղաքացի դառնալը: