Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երրորդ նիստում պետք է քննարկեր «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չի քննարկվել, քանի որ ԱԺ նիստին չի մասնակցել հիմնական զեկուցողը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ հարցի քննարկումը դուրս է գալիս ԱԺ հերթական նիստերի օրակարգից:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է կարգավորել երկու հարց: Գործող կարգավորմամբ՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Փաթեթով նախատեսվում է վերացնել գնման ընթացակարգի արդյունքների բողոքարկման արտադատական կարգը՝ թողնելով միայն դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը: Փոփոխությունը կավելացնի գնումների գործընթացի բողոքարկման մեխանիզմի անկախությունը, բողոքարկելու հնարավորություն էլ կունենան միայն շահագրգիռ անձինք:
Կարգավորվող երկրորդ հարցը Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված գնումների այլընտրանքային պայմանավորվածությունների իրականացման պայմանների նախատեսումն է «Գնումների մասին» ՀՀ օրենքում, որոնց հաստատման պարագայում հնարավորություն կստեղծվի նոր սկսվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային օրենսդրությամբ:
Փաթեթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: