Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով այս պահին հայկական կողմն ունի հաստատված վեց զոհ: Այս մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցներում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նաեւ նշել է, որ անհետ կորածների մասով դեռ ճշգրտումներ են իրականացվում: «Իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին՝ չպետք է որեւէ շահարկում թույլ տալ»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
«Հայաստանի Հանրապետությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք»,-հավելել է Էդուարդ Աղաջանյանը: Նա նաեւ պարզաբանել է օրեր առաջ իր կողմից 15 զոհի վերաբերյալ արված հայտարարությունը՝ ասելով. «Հայտարարելով այդ թիվը՝ մի քանի անգամ նշել եմ, որ այս պահին, չճշտված տվյալների համաձայն, կա 15 զոհ, հետագայում ՊՆ-ն կհրապարակի ճշտված տվյալները»: