Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որպեսզի Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության եւ դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցի արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների եւ նրանց միջազգային կազմակերպությունների հետ:
Օրինագծով Հաշվեքննիչ պալատի անդամները եւ հաշվեքննողները գործելու են միայն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակում, չեն կարող տարածել իրենց հասանելի` օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը, պետք է ունենան համապատասխան որակավորումներ եւ գիտելիքներ:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Հարակից զեկուցողներ` ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը գործընկերներին կոչ են արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: