Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձեւավորելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը քննարկման արդյունքում չի ստացել խորհրդարանի աջակցությունը եւ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:
Նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Հաստատելով օրակարգերը՝ խորհրդարանն սկսել է քննարկել օրենսդրական նախաձեռնությունները: