Փետրվարի 9-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Չի ընդունվել ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքումե փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այնուհետեւ շարունակվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը, որն ընդհատվել էր ելույթների փուլում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Պատգամավորն առաջարկել է հետ վերցնել օրենսդրական փաթեթը, կազմակերպել մասնագիտական քննարկումներ եւ հրաժարվել առաջարկվող փոփոխություններից: «Փոփոխության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամով կարող են որոշում կայացնել եւ ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն պնդմանը, թե փոփոխությունների արդյունքում դատավորին կենթարկեն քրեական պատասխանատվության, ընդգծել է, որ քրեական հետապնդում սկսելու համար նախ անհրաժեշտ է քրեական գործի առկայություն, ինչպես նաեւ Գլխավոր դատախազը պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումներ, իսկ կարգապահական պատասխանատվության համար անհրաժեշտ են համապատասխան լուծումներ:
Եզրափակիչ ելույթներում հարակից զեկուցողներ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը եւ հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: