ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի փետրվարի 9-ի հերթական նիստերում: Նախագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա պարզաբանել է, որ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել առկա անհամապատասխանությունները՝ հաշվի առնելով միջազգային զարգացումների փորձը:
Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը: Կբարելավվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող վարչարարությունը: Նախագիծը կխթանի նաեւ փոխկապակցված հարկ վճարողների միջեւ միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների եւ առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը եւ հարկմանը: Զեկուցողի խոսքով՝ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ոչ ավելացնելու, ոչ էլ նվազեցնելու են հարկ վճարողների հարկային բեռը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նա մասնավորապես հայտնել է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: