Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, ընդունվել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:
Հովհաննես Հարությունյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթով հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին: