ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ փետրվարի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով` արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների` տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված չեն»:
Ըստ հիմնավորման` նախագծի առկայությունը պայմանավորված է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում առկա տարընթերցումները վերացնելու եւ կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս սահմանափակելու համար:
Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական չէր: «Նախագիծը գերռիսկային է»,-մասնավորապես ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախագծում խնդիրներ էին տեսնում նաեւ պատգամավորներից շատերը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է ետ վերցնել նախագիծը եւ համատեղ աշխատել Կառավարության հետ: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն էլ առաջարկել է քննարկումը տեղափոխել ԱԺ լիագումար նիստերի դահլիճ, ինչը հանձնաժողովականները չեն ընդունել:
Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանն էլ չի ընդունել Բաբկեն Թունյանի առաջարկը:
Քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: