ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը, նախատեսել հանձնաժողովի կողմից պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվություն ստանալու եւ լիազորությունների իրականացման ընթացքում օգտագործելու հնարավորություն: Նախատեսվում է ամրագրել եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, մասնավորապես` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսել եզրակացության ընդունման ընթացակարգ` առանց եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման առկայության:
Նախատեսվում է նաեւ շտկել օրենքում առկա վրիպակներն ու տեխնիկական բնույթի խնդիրները:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կվերանան արձանագրված տեխնիկական բնույթի խնդիրները, ու նախադրյալներ կստեղծվեն հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: