Փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանն ու Մարինա Կալյուրանդը մամուլի ասուլիսում ամփոփել են Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի աշխատանքները:
Արման Եղոյանը տեղեկացրել է, որ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների, տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինա Կալյուրանդին` տարածաշրջանի եւ Հայաստանի համար կարեւոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար: Նա տեղեկացրել է, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023թ.: Հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում կամ Ստրասբուրգում, իսկ մինչ այդ աշխատանքները կշարունակվեն այլ ձեւաչափերով:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ:
Փետրվարի 24-ը խորհրդանշական է Մարինա Կալյուրանդի համար. Էստոնիան նշում է անկախության տոնը, եւ նա հպարտ է ազատ, անկախ Էստոնիայի քաղաքացի լինելու համար: Մարինա Կալյուրանդը ցավով է նշում, որ այս օրը նշանավորվեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսմամբ:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատերազմական վիճակում եղել է, ուստի հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ պատերազմը երբեք չի կարող լուծում լինել:
«Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին, եւ կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ: Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, ինչպես նաեւ այնտեղ կալանավայրերում պահվող անձանց հայրենադարձման հարցը: Կալյուրանդը վստահեցրել է, որ իրենք պատրաստվում են բարձրացնել այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վերջին քաղաքացին չի վերադարձել Հայաստան:
Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդակցական ուղիների վերաբացմանը:
Մարինա Կալյուրանդը ժողովրդավարության ճանապարհին բարեփոխումների գործընթացում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: