Խորհրդարանը մարտի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները:
Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ է քվեարկել 69 պատգամավոր:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ներկայացմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` եթե առաջին փուլով Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Հանրապետության նախագահի թեկնածուին:
Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը պետք է իրականացնի հանրային կառավարման բոլոր բնագավառներին, իշխանության բոլոր թեւերի գործունեությանը վերաբերող մշտադիտարկում եւ ներկայացնի հանրությանը: Նա անդրադարձել է Հանրապետության նախագահի գործառույթներին վերաբերող իր տեսլականին:
Կարեւորելով խորհրդարանի դերակատարությունը` նախագահի թեկնածուն նշել է, որ Ազգային ժողովի, Կառավարության եւ նախագահական ինստիտուտի համատեղ, ներդաշնակ աշխատանքը կնպաստի մեր երկրի հարատեւ զարգացման ապահովմանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ պետության կարեւոր քաղաքական իրադարձություններից մեկի` Հանրապետության նախագահի ընտրության հարցը խորհրդարանում քննարկվում է ընդդիմության բացակայության պայմաններում: Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի ընտրությունը լեգիտիմ է: Ըստ նրա` ընդդիմությանն ընտրած քաղաքացիներն այսօր ներկայացված չեն ՀՀ ամենակարեւոր քաղաքական գործընթացում: Նրա խոսքով` ընդդիմությունը չի մասնակցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, չի ներկայացնում Հայաստանի շահը միջազգային հարթակներում: Դիմելով ընդդիմությանը քվե տված քաղաքացիներին` նա հարցրել է, թե արդյո՞ք նրանք ցանկացել են, որ չօգտագործվի մանդատի իրական ուժը հանուն պետության:
Հայկ Կոնջորյանն, նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախագահի ինստիտուտի հետ աշխատելու է համընթաց եւ արդյունավետ, եւ ամեն ինչ արվելու է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:
Եզրափակիչ ելույթում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին` ցուցաբերած վստահության, համատեղ աշխատելու պատրաստակամության համար: